ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները.
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն,
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ,
Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն,
«Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:
Մրցույթն անցկացվել է «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում:
Դրամաշնորհը նախատեսված է հետևյալ մրցութային անվանակարգերով՝
կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
կրթական, կրթամշակութային դասընթացներ,
հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:





























