Միացյալ Նահագների և Մեծ Բրիտանիայի զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, որպեսզի թույլ չտան խմբավորմանը հարձակվելու Կարմիր ծովում նավերի վրա, հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և բրիտանական ուժերը հարվածել են Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում տեղակայված 13 թիրախների:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ համատեղ գործողության թիրախ են դարձել Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստային քաղաքի երեք դիրքեր: Այստեղ  անօդաչու թռչող սարքեր և զենիթահրթիռային զենքեր են տեղակայվել:

Հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Հոդեյդա քաղաքի Ալ-Հոկ շրջանում ռադիոկայանի վրա հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, 10-ը վիրավորվել են:

«Ինչպես միշտ, հարվածները ծրագրելիս առավելագույն զգուշություն է ցուցաբերվել՝ խաղաղ բնակչության կամ ոչ ռազմական ենթակառուցվածքների համար նվազագույնի հասցնելով ցանկացած վտանգ», - ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Հութիների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդհանուր առմամբ Եմենի ամբողջ տարածքին 13 հարված է հասցվել, որոնցից վեցը՝  մայրաքաղաք Սանային:

«Օրվա մութ ժամերին թիրախներին հարվածելիս պետք է ձգտել էլ ավելի նվազագույնի հասցնել նման ռիսկերը», - հավելել են վարչությունից: