ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է «ռեկորդային» գումարների հավաքման մասին՝ կապված երկրի պատմության մեջ առաջին դատավարության ընթացքում նախկին կամ գործող նախագահի դեմ մեղադրական վճռի հետ, տեղեկացրել է Fox News-ը։
Ուրբաթ առավոտյան նախկին նախագահի քարոզարշավը հայտարարել է, որ հինգշաբթի արեւելյան ժամանակով ժամը 18.00-ից մինչեւ կեսգիշեր, այն բանից անմիջապես հետո, երբ Թրամփը մեղավոր է ճանաչվել Նյու Յորքում քրեական գործի բոլոր 34 կետերով, հավաքել է 34,8 մլն դոլար։
Իսկ ուրբաթ երեկոյան Թրամփի քարոզարշավը հայտարարել է նոր թվի մասին՝ մոտ 53 մլն դոլար՝ հավաքված դատավճռի հայտարարումից հետո 24 ժամվա ընթացքում։
Նշվել է, որ հավաքված միջոցները «գրեթե կրկնակի գերազանցել են WinRed պլատֆորմում երբեւէ գրանցված թվերը» Թրամփի քարոզարշավի համար, ընդգծվել է, որ մեղադրական դատավճիռը «խթանել է MAGA շարժումն ինչպես երբեք»։
«Կեղծ գործով դատավճռի հրապարակումից մի քանի րոպե հետո արդեն միջոցների հավաքման մեր համակարգը լիքն էր աջակցությամբ»,- գրել են Թրամփի քարոզարշավի ավագ խորհրդականներ Քրիս լա Սիվիտան եւ Սյուզի Ուայլսը ուրբաթ առավոտվա հայտարարությունում։
Նրանք ընդգծել են, որ «գումարը ոչ միայն պատմական էր, այլեւ դոնորների 29,7 տոկոսը (հինգշաբթի օրվա) WinRed պլատֆորմի լրիվ նոր դոնորներ էին»։
Ատենակալների ժյուրին Նյու Յորքում հինգշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանատու է ճանաչել Trump Organization ընկերության փաստաթղթերի կեղծման համար՝ նախկին պոռնոդեսրասանուհի Սթորմի Դենիելսին վճարելու գործում։
Թրամփը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր 34 կետերով։ Նա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահն է, որին ատենակալների ժյուրին մեղավոր է ճանաչել հանցագործություն կատարելու մեջ։





























