Հնագետները հայտնաբերել են ոսկե իրեր, նետերի ծայրեր եւ մեծ բրոնզե հայելի մոտ 2000 տարեկան դամբանաթմբում՝ Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստանյան մարզում, գրել է Live Science-ը։
Նմուշները պատրաստվել են Կանգյույ պետության ժամանակներում, որն այնքան էլ հայտնի չէ եւ տարածքը կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարից մինչեւ մ.թ. 4-րդ դարը։
Թուրքեստանի պաշտոնատար անձանց հայտարարության համաձայն՝ գտածոները վկայում են շրջանում արհեստների զարգացածության մասին, երբ Կանգյույ պետությունը առեւտուր էր անում Հին Հռոմի, Հին Չինաստանի եւ ավելի հարավ գտնվող Քուշանական կայսրության հետ։
Բրոնզե հայելին, դատելով նրա ոճից, պատրաստված է եղել Չինաստանում Խան հարստության ժամանակ, որը կառավարել է մ.թ.ա. 206 թվականից մինչեւ մ.թ. 220թ.։
Այդ առարկաները բարձր են գնահատվել Եվրասիայում, նման հայելիներ հայտնաբերվել են Աֆղանստանում եւ Հարավային Ուրալում, եւ, հայտարարության համաձայն, դա նշան է այն բանի, որ կինը, որի կողքին դրանք թաղված էին, հարուստ եւ ազդեցիկ է եղել։
Ուզբեկալի Ժանիբեկովի անվան համալսարանի ղազախստանցի հնագետների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների թիմը նոր գտածոները հայտնաբերել է Թուրքեստանի Օրդաբադի շրջանի երեք դամբանաթմբերերում։ Նրանք տեղեկացրել են, որ երկու դամբանաթմբերը թալանվել են հին ժամանակներում, բայց երրորդ դամբանաթմբում կան արժեքավոր նմուշներ, նշվել է հայտարարությունում։
Բացի բրոնզե հայելուց, նմուշների մեջ կան ֆիբուլա (կրծքազարդ) հռոմեական ոճով, մեծ եւ փոքր ուլունքներ, կավե կուժ, հողաթափ, փոկ, նետի ծայր՝ նախատեսված թռչունների որսի համար, եւ երկու ոսկե ականջօղ, որոնք, ինչպես կարծում են, պատկանում են մ.թ. 1-ին դարին։





























