Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է, որ վերջին օրերին Գազայի հատվածին հասցված ավիահարվածների հետեւանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք հայտնի անդամ, հայտնել է Times of Israel-ը։
Հինգշաբթի կործանիչները հարվածել են Նուսեյրաթին Գազայի կենտրոնական հատվածում, ինչի հետեւանքով սպանվել է Մանսուր Ադիլ Մանսուր Քաշլանը, որը, ՑԱԽԱԼ-ի հավաստիացմամբ, մասնակցել է Իսրայելում եւ Արեւմտյան ափին տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպմանը։
Մեկ այլ հարվածի հետեւանքով, որն անօդաչուն հասցրել է անցած շաբաթ Գազայի հատվածի կենտրոնական մասին, սպանվել է Վալիդ Աբեդ Աբու Դալալը։ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ Աբու Դալալը ծառայում էր խմբավորման ռազմական թեւում, ինչպես նաեւ գլխավորել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ուժերի տեխնիկական բաժինը։
ՑԱԽԱԼ-ում հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ուժերը եւ հատկապես նրա տեխնիկական բաժինը «վնաս են պատճառում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ազատությանը Գազայի հատվածում, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի հակահետախուզական ջանքերի կարեւոր մասն են»։
Մեկ այլ հարվածի հետեւանքով, որը հասցվել է ուրբաթ, նորից Նուսեյրաթում, սպանվել է Թարեք Դարվիշը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Դարվիշը «Նուսեյրաթ» գումարտակի օդային հետախուզության կարեւոր աշխատակիցն էր։ Զինվորականները հավաստիացնում են, որ Դարվիշը սպանվել է անցած ամիս այն բանից հետո, երբ փորձել է «խանգարել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ազատությանը Գազայի օդում»։





























