Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առիթով։ Այս մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով՝ ամուր առողջության եւ ուժերի մաղթանքներով, կատարելու համար ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք եւ բազմամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ ամենաճշգրիտ կողմնացույցը միջազգային հարաբերություններում ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ նշել է սերտացման եւ համագործակցության ուղին։ Եթե ընթանանք այդ ճանապարհով, եթե հետեւենք մեր փառավոր նախնիների բազմամյա ավանդույթներին, ապա միասին կկարողանանք հասնել շատ ավելիին։ Զգալի գործ արդեն արվել է»,- նշվել է շնորհավորանքում։ Նշվել է, որ Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ «առկա հարաբերությունները առեւտրում, արդյունաբերությունում եւ հումանիտար ոլորտում, բարձր մակարդակի աջակցության դեպքում, Մինսկի եւ Երեւանի համար հնարավորությունների լրացուցիչ հորիզոններ կբացեն»։
«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակում ինչպես երկկողմ ձեւաչափով, հարցերի լայն շրջանակի ընդգրկմամբ, այնպես էլ միջազգային եւ ինտեգրացիոն հարթակներում։ Խաղաղություն եւ բարեկեցություն Ձեր հարազատներին ու մտերիմներին, բարեկամ հայ ժողովրդին»,- մաղթել է Լուկաշենկոն։





























