Հնդկաստանի միայն մեկ նահանգում քվեարկության վերջին օրը ընտրական հանձնաժողովների առնվազն 33 աշխատակից է մահացել ջերմային հարվածից, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյային:

Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը (IMD) հայտնել է, որ Ուտար Պրադեշ նահանգի Ջհանսի քաղաքում ջերմաստիճանը հասել է 46,9 աստիճանի ըստ Ցելսիուսի (116 աստիճան ըստ Ֆարենհեյթի):

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում, որտեղ շաբաթ օրը ավարտվել է ընտրությունների յոթերորդ և վերջին փուլի քվեարկությունը, նահանգի ընտրական հանձնաժողովի նախագահ Նավդիպ Ռինվան հայտնել է, որ 33 մարդ է մահացել շոգի պատճառով:

Մահացածների թվում կան անվտանգության և սանիտարական ծառայությունների աշխատակիցներ:

«Զոհվածների ընտանիքներին կվճարվի 1,5 միլիոն ռուփի (18 հազար դոլար) դրամական փոխհատուցում»,- լրագրողներին է ասել  Ռինվան։

Բացի այդ լրատվամիջոցները հայտնել են մեկ այլ դեպքի մասին, երբ Բալիա քաղաքում քվեարկելու հերթում կանգնած տղամարդը կորցրել է գիտակցությունը:

«Ընտրողին տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ էլ նա մահացել է»,- հայտնել են ԶԼՄ-ները:

Հնդկաստանում համընդհանուր ընտրությունները մեկնարկել են ապրիլի 19-ին և տևել մինչև հունիսի 1-ը։ Էքզիթ փոլի համաձայն՝ հաղթում է «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության (BJP) գլխավորած դաշինքը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ։

Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն երեքշաբթի օրը։