Վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգնականը կիրակի օրը հաստատել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում պատերազմի դադարեցման շրջանակային համաձայնագիրը, որը ներկայումս առաջարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ միաժամանակ այն անվանելով թերի և մանրամասն վերամշակման կարիք ունեցող:

Բրիտանական Sunday Times-ին տված հարցազրույցում Նաթանյահուի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Օֆիր Ֆալկն ասել է, որ Բայդենի առաջարկը «գործարք էր, որին մենք համաձայնել ենք. դա այնքան էլ լավ գործարք չէ, բայց մենք շատ ենք ուզում, որ պատանդները, մինչև վերջին մարդը, ազատ արձակվեն»: 

«Բազմաթիվ մանրամասներ պետք է վերամշակվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի պայմանները, այդ թվում՝ «պատանդների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ-ի՝ որպես ցեղասպան ահաբեկչական կազմակերպության, ոչնչացումը», չեն փոխվել։

Ավելի վաղ Բայդենը ներկայացրել էր եռափուլ ծրագիր, որը համատեղում է պատանդների ազատ արձակումը «լիարժեք հրադադարի» հետ։

Առաջին փուլը տևելու է վեց շաբաթ և ներառում է «իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի բոլոր բնակեցված շրջաններից» և «մի շարք պատանդների, այդ թվում՝ կանանց, ծերերի և վիրավորների ազատ արձակումը՝ հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակելու դիմաց»։  Երկրորդ փուլը թույլ կտա «փոխանակում իրականացնել  մնացած ողջ պատանդների, այդ թվում՝ տղամարդ զինվորների ազատ արձակման դիմաց»։ Երրորդ փուլում «սկսվելու է Գազայի վերականգնման զանգվածային ծրագիրը»: