Միացյալ Նահանգների իշխանություններն ամոթալի դեր են խաղում Հարավչինական ծովում լարվածությունը խորացնելու հարցում՝ տարածքային անհամաձայնությունները Չինաստանի եւ Ֆիլիպինների միջեւ շահադիտական նպատակներով օգտագործելով։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ-ն։
«ԱՄՆ-ն չափազանց ամոթալի դեր է կատարել։ Իր աշխարհաքաղաքական շահադիտական նպատակները հետապնդելով՝ նա աջակցում է ֆիլիպինյան կողմի հակաիրավական գործողություններին եւ Հարավչինական ծովի խնդիրն օգտագործում՝ սադրանքներ հրահելով Չինաստանի եւ տարածաշրջանի պետությունների հարաբերություններում»,- նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Պեկինը, նշված է հայտարարությունում, Մանիլայի վրա է դնում տարածաշրջանի վերջին լարվածության պատասխանատվությունը։ Ֆիլիպինները խախտել է իր պարտավորությունները, «վեճեր հրահրել ծովում եւ միացել արտաքին ուժերի հետ՝ ռազմական հզորություն ցուցադրելով», ինչպես նաեւ «կեղծ տեղեկություն է տարածել, որը վարկաբեկում է Չինաստանին»։
«Հասկանալի է դառնում, թե ում շահերին է ծառայում Ֆիլիպինների արտաքին քաղաքականությունը, ում համար է նա աշխատում՝ ծովում գործողություններ ձեռնարկելով,- նշված է հայտարարությունում։- Այս առնչությամբ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն, առաջատար դեր խաղան՝ իրենց ձեռքում պահելով Հարավչինական ծովի կայունությունն ու խաղաղությունը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը սինգապուրյան անվտանգության համաժողովում («Շանգրի Լա երկխոսություն»), Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է պատասխանատու քաղաքականություն վարեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար։ Ինչպես նշել է նախագահը, անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանի ապագան որոշի տարածաշրջանի հասարակությունը, այլ ոչ թե այս կամ այն տերությունը։ «Մեր բոլոր ձայները պետք է լսվեն հավասարաչափ»,- ասել է նա։





























