Հնդկաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 642 մլն մարդ, սա համաշխարհային ռեկորդ է համընդհանուր խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռաջիվ Կումարը։

«Հնդկաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել. Լոկ Սաբհուի [խորհրդարանի ստորին պալատ] ընտրություններին այս տարի մասնակցել է 642 մլն ընտրող, ներառյալ 312 մլն կանայք»,- ասել է Կումարը, որի ելույթը հեռարձակել են տեղի հեռուստաալիքները։

«642 մլն ընտրողներ նախընտրել են գործողությունն ու հավատն ապատիայի եւ ցինիզմի փոխարեն»,- նշել է ԿԸՀ ղեկավարը։

Նրա գնահատմամբ՝ ընտրություններում քվեարկել է մեկուկես անգամ ավելի շատ մարդ, քան «յոթնյակի» երկրներում, եւ երկուսուկես անգամ ավելի շատ մարդ, քան բոլոր 27 երկրներում։ «Սա է Հնդկաստանի ընտրողների անհավանական ուժը»,- նշել է Կումարը։

Ընտրությունները Հնդկաստանում տեղի են ունեցել յոթ փուլով, ապրիլի 19-ից մինչեւ հունիսի 1-ը։ Պայքարն ընթանում էր 543 տեղերի համար։ Պաշտոնապես գրանցվել է 968 մլն ընտրող։ 12 էքզիտ-պոլերի արդյունքները նշում են, որ Ազգային դեմոկրատական դաշինքը՝ Հնդկաստանի ժողովրդական կուսակցության գլխավորությամբ, կմնա իշխանության ղեկին։ Նարենդրա Մոդին այդ կերպ կկարողանա զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը երրորդ ժամկետի համար՝ կրկնելով երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի ռեկորդը։

Քվեարկության արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն հունիսի 4-ին։