Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացի վերաբերյալ։
Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի ադրբեջանական ընկալումը, հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումները։
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, որը ներառում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական գյուղերի վերադարձը», ևս մեկ անգամ հաստատեց երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղությանն իրական ներդրում ունենալու և վստահության վերականգնման առումով։
Հանդիպմանը նշվել է, որ երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին են վկայում նաև 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կառուցողական ոգով տեղի ունեցած բանակցությունները։





























