Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը Լիտվայում զինամթերքի գործարանի կառուցման համար ավելի քան 180 միլիոն եվրո կներդնի։
LRT-ն հայտնել է, որ համապատասխան ներդրումային պայմանագիրը Rheinmetall-ի ներկայացուցիչների հետ ստորագրել են Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեն։ Նախագծին ազգային կարգավիճակ է տրվել, և առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի ապագա գործարանի հստակ վայրը:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Յուլիուս Սկաչկաուսկասն նախորդ շաբաթ հայտնել էր, որ Rheinmetall գործարանի շինարարությունը պետք է սկսվի հոկտեմբերին։ Ակնկալվում է, որ Rheinmetall-ը Լիտվայում առնվազն 150 աշխատատեղ կստեղծի, իսկ նոր գործարանը տարեկան տասնյակ հազարավոր զինամթերք կարտադրի։
Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարը երկրի պաշտպանության և անվտանգության հրատապ կարիքները բավարարելու առումով Rheinmetall-ի գործունեության մեկնարկը Լիտվայում կարևոր քայլ է համարել:
«Դա մեզ կօգնի ապահովելու անհրաժեշտ զենքի և զինամթերքի անխափան հասանելիություն, քանի որ եվրոպական պաշտպանության համար անհրաժեշտ արտադրանքը կթողարկվի Լիտվայի հողում», - նշել է Արմոնայտը:





























