Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը խելամիտ չի համարել աղբով լի օդապարիկների ուղարկումը Հյուսիսային Կորեայից։ Նա այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության եւ Աֆրիկայի երկրների գագաթաժողովում, որն ընթանում է Սեուլի արվարձանում։

«Անցած տարվա մայիսից Հյուսիսային Կորեան կատարել է հետախուզական արբանյակի արձակման չորս փորձ, շարունակել է ամեն տեսակ հրթիռների փորձնական արձակումներ, մի քանի օր առաջ աղբով օդապարիկներ է ուղարկել՝ կատարելով չափազանց անխելամիտ սադրանք»,- ասել է նա։

«Կորեայի Հանրապետությունն աֆրիկացի բարեկամների հետ կպաշտպանի խաղաղությունն աշխարում եւ Կորեական թերակղզում, կհետեւի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին»,- ավելացրել է Յուն Սոկ Յոլը։ Գագաթաժողովին մասնակցում են 48 պետությունների պատվիրակություններ, մոտ 25 երկրներ ներկայացված են բարձր մակարդակով։

Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան արբանյակի արձակման անհաջող փորձ է կատարել, երկու անգամ աղբով օդապարիկներ է ուղարկել, արձակել, ըստ Հարավային Կորեայի որակման, 18 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Բացի այդ, ինչպես հայտնել են Սեուլում, Փհենյանը փորձել է խափանել GPS-ազդանշանի ընդունումը Հարավային Կորեայում հինգ օր անընդմեջ։