Ճապոնիայի ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ տուրիզմի նախարարությունը խուզարկություններ է կատարում Toyota-ի կենտրոնակայանում։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Ճապոնական օրենսդրության համաձայն՝ տրանսպորտի նախարարությունն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում խուզարկություններ կատարել տրանսպորտային եւ մեքենաշինական ընկերություններում։ Նախօրեին գերատեսչությունը հայտարարել էր, որ հինգ ավտոարտադրողներ հետաքննության արդյունքներով մերկացվել են տվյալների կեղծումների մեջ, որոնք վերաբերում են ավտոմեքենաների անվտանգությանը եւ շահագործմանը։ Տրանսպորտի նախարարությունը խոստացել է շարունակել հետաքննությունը։

Toyota-ից բացի, խախտումներ են հայտնաբերվել Honda, Mazda, Suzuki եւ Yamaha ընկերություններում։ Toyota-ում խոսքը Corolla Axio սեդանի, Corolla Fielder ունիվերսալի եւ Yaris Cross քրոսովերի մասին է։ Դրանց բեռնումը, Toyota-ի տեղեկության համաձայն, դադարեցվել է անորոշ ժամկետով։ Կորպորացիան ներողություն է խնդրել հաճախորդներից եւ բաժնետերերից։

Mazda-ն իր հերթին հայտնաբերել է տեղեկությունների կեղծում երեք մոդելների քրաշ-թեստերում, որոնք այժմ հանված են արտադրությունից։ Honda ընկերությունը ներկայացրել է ոչ ստույգ տվյալներ մինչ այդ արտադրվող 2 մոդելների աղմուկի ստուգումներում։ Բացի այդ, Suzuki-ն կեղծել է մոդելներից մեկի արգելակման համակարգի ստուգման տվյալները, այն հանվել է արտադրությունից։

Հետաքննությունը իրականացվել է այն բանից հետո, երբ անցած տարի Toyota-ի դուստր ընկերություն Daihatsu-ն հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ կապված քրաշ-թեստերի տվյալների կեղծումների հետ։ Ընկերությունը գտել է ավելի քան 170 խախտում, որոնք վերաբերել են տասնյակ մոդելների, որոնք վաճառվել են նաեւ Toyota բրենդի տակ։