Այլադավանի հարկ. այս հարկատեսակը տարածված է Եվրոպական երկրներում և վերաբերում է այլադավաններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ այլադավանների համար սա անհիմն հարկատեսակ է ընկալվել (ինչո՞ւ պետք է եկեղեցուն հարկ վճարենք, եթե չենք հարում պետական կրոնին), ուստի դիմել են ընդհուպ Եվրոպական դատարան: Բրունոն ընդդեմ Շվեդիայի (Bruno v. Sweden) գործով ՄԻԵԴ-ը միանգամայն իրավաչափ է ճանաչել այդ երկրի կառավարության նախաձեռնությունը՝ հիմնավորելով, որ պետական կրոնի պարագայում եկեղեցին իրականացնում է նաև համընդհանուր, համազգային, ոչ զուտ կրոնական գործունեություն:
Հիմա պարադոքսը՝ մեր Երկրում որոշ այլադավաններ ոչ միայն ազատված են հարկերից, այլև Հայ Եկեղեցուն են մեղադրում իբր հարկեր չվճարելու մեջ: Ի դեպ, իշխանական քարոզչամեքենայի և մեր հակադարձումների շնորհիվ հանրությունը հստակ իրազեկվեց առնվազն երեք հարցում՝
ա) Հայ Եկեղեցին ազատված չէ հարկերից և չնչին տարբերությամբ ունի նույն արտոնությունները, ինչ ցանկացած այլ կրոնական կազմակերպություն,
բ) Հայ Եկեղեցին չի ակնկալել և չի էլ ակնալում պետական իշխանությունների կողմից տարիներ շարունակ պատճառված վնասի (բազում վանքեր են ոչնչացվել, բռնագրավվել է գույքը, այդ թվում՝ Մատենադարանի հին ձեռագրերը) փոխհատուցում, ինչը տեղի է ունեցել բոլոր հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Վրաստանում
գ) թեպետ՝ սրբավայրի նշանակություն ունեցող պատմամշակութային անշարժ գույքի պահպանման պարտականությունը վերապահված է պետական իշխանությանը, այդ աշխանքները իր սուղ միջոցներով կատարել և կատարում է Հայ Եկեղեցին, ինչի վառ օրինակն է կոնկրետ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքը:
Ի դեպ, Փարիզում հրդեհից հետո հսկայական վնասներ կրած Աստվածամոր տաճարի վերանորոգումն ամբողջովին պետության հոգածության ներքո է:
Հ.Գ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով, այլև իր ողջ դավանաբանությամբ իրականացնում է ազգային ինքնությունը պահպանելու գերպատասխանատու առաքելություն ...»։





























