Գյոզալյանների ընտանիքը դեռահաս երեխաների հետ առաջին անգամ տանտեր է դարձել: NEWS.am-ին «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնից» հայտնեցին, որ Գյոզալյանների տունը կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան Թեմի հովանավորությամբ, իսկ տան կառուցման աշխատանքներին աջակցել են ԱՄՆ-ից երեք, եւ տեղական մի քանի կամավորական խմբեր։ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» Գարեգին Բ-ի անվան «Կառուցենք հավատով» շինարարական ծրագրով, վերջին երկու տարվա ընթացքում սա արդեն 29-րդ տնօրհնեքն է, իսկ հինգ ընտանիքներ այս պահին շարունակում են իրենց տան շինարարությունը: Ի դեպ, Գյոզալյանների ընտանիքը 2008թ.-ին է սկսել իրենց տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել ֆինանսական խնդիրների պատճառով։ Ուստի ընտանիքի հայրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, սակայն վաղահաս մահը դա թույլ չի տվել
Նշենք, որ «Ֆուլեր Տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել եւ վերանորոգել պարզ, հարմարավետ եւ մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաեւ իրականացնելով տնազուրկների շահերի պաշտպանություն: Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 184 ընտանիքների, նախատեսվում է աջակցել եւս 45 ընտանիքների։



























