Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հանդիպել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ երեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ շրջափակված Գազայի հատվածի ճգնաժամը։
«Զավթիչներին դիմադրությունն իր բոլոր ձևերով կմնա հիմնական սկզբունքը և ռազմավարական ընտրությունը, ինչպես նաև թշնամիներին դիմակայելու ճիշտ ճանապարհը», - հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ասադը: «Ամեն անգամ, երբ սիոնիստական ռեժիմը մոտենում է դիմադրությանը ջախջախելուն, նա մեծացնում է պաղեստինյան ժողովրդի դեմ իր արյունալի հանցագործությունների խստությունը»,-հավելել է Սիրիայի նախագահը:
Իր հերթին Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանի և Սիրիայի հարաբերությունները կմնան խորը և ռազմավարական, քանի որ դրանք հիմնված են ամուր սկզբունքների և ընդհանուր ու ազնիվ շահերի վրա։





























