Դելավերի նահանգի օկրուգային դատարանի դատախազը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, թմրադիլերներին է ուղարկել թմրանյութերի լուսանկարներ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հանթերը «թմրանյութերի լուսանկարներ է փոխանակել Կալիֆոռնիայի թմրադիլերների հետ»։ Դատարանի նիստի ընթացքում ատենակալներին ցուցադրել են Հանթեր Բայդենի էլեկտրոնային սարքերի այլ տեսանյութեր, որոնցից մեկում «կշեռքին սպիտակ նյութ էր» դրված։ Մեղադրողների խոսքով՝ ԱՄՆ նախագահի որդին 2018թ. աշնանը քարտից հանել է ավելի քան 150 հազար դոլար։

Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությունը զենք պահելու վերաբերյալ սկսվել է 2018թ., երբ հայտնի է դարձել, որ այդ ժամանակ նա օգտագործում էր թմրանյութեր եւ ատրճանակ ուներ։ Ամերիկյան օրենսդրությունը արգելում է ձեռք բերել կամ պահել զենք այն մարդկանց, ովքեր օգտագործում կամ պահում են թմրանյութեր։

2023թ. սեպտեմբերին Դելավերի նահանգի դատարանի մեծ ժյուրին հաստատել է Բայդենին ամերիկյան դատախազության ներկայացրած մեղադրանքները երեք իրավախախտումներում, որոնք կապ ունեն զենք պահելու հետ։ Երկու իրավախախտումները կապված են այն բանի հետ, որ 2018թ. Colt Cobra ատրճանակը գնելու ժամանակ նա գրավոր ձեւով ստել էր, որ թմրանյութեր չի օգտագործում։ Երրորդը կապված է օրենքի խախտման հետ, որն արգելում է թմրակախում ունեցողներին հրազեն ունենալ։ Բայդենին ներկայացված ընդհանուր մեղադրանքներով նրան կարող է սպառնալ 25 տարվա բանտարկություն. երկու կետերը նախատեսում են առավելագույն պատիժ 10 տարվա բանտարկությամբ եւ 250 հազար դոլար տուգանքով, երրորդը ենթադրում է 5 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք։