Ոչ մի սպառնալիք չի կարող սասանել Չինաստանի վճռականությունը երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ի պատասխան ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Թայվանում ամերիկյան զինված ուժերի օգտագործման մասին մեկնաբանելու խնդրանքի։
«Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, եւ ոչ մի արտաքին միջամտություն թույլատրելի չէ,- ասել է նա։- Ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք չի կարող սասանել Չինաստանի կառավարության եւ ժողովրդի ամուր վճռականությունը, կամքը եւ հզորությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»։
Նրա խոսքով՝ չինացի ժողովուրդը ինքը կորոշի, թե որ ճանապարհով տեղի կունենա վերամիավորումը Թայվանի կղզու հետ։ «Թայվանի նեղուցի ներկա ստատուս-քվոն այն է, որ նեղուցի երկու կողմերը պատկանում են մեկ Չինաստանին, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անքակտելի մասն է։ Թե ինչպես պետք է լուծել Թայվանի հարցը՝ դա չինացի ժողովրդի գործն է»,- ասել է Մաո Նինը։
Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում հետեւել «մեկ Չինաստան» սկզբունքին եւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երեք համատեղ կոմյունիկեների դրույթներին ,ասել է Մաո Նինը։ Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել հավատարմություն պահպանել իր պարտավորությունների հանդեպ եւ չաջակցել Թայվանի անկախությանը, դադարեցնել զինել կղզին եւ սխալ ազդանշաններ չուղարկել անկախության կողմնակիցներին։





























