Երևանի բնակչուհի Զառա Սարիբեկյանը NEWS.am-ի թղթակցին ահազանգել է այն մասին, որ մի քանի օր է՝ մանկահասակ երեխայի հետ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ է դիմել, սակայն ոչ բժիշկ, ոչ բուժքույր իրեն չեն մոտենում։

«1.3 տարեկան երեխայիս ցանով բերել եմ Ինֆեկցիոն հիվանդանոց. երկու հարկում մեկ բժիշկ, մեկ բուժքույր ու մեկ սանիտար է աշխատում. ժամերով կանչում ենք, ոչ ոք չի մոտենում: Հունիսի 2-ին երեխայիս Ինֆեկցիոն հիվանդանոց էի տարել, սակայն մինչ օրս ոչ հանձնված հետազոտությունների պատասխանն են հայտնել, ոչ էլ երեխայիս պատշաճ ուշադրություն են դարձնում։ Բաժնի վարիչին ասում եմ ինչո՞ւ ոչ ոք չի մոտենում, ասում է, թե իբրև բոլորը գոհ են, միայն դուք եք դժգոհ: Մեր պալատում բացի ինձնից երկու կին էլ կան, նրանք էլ ժամերով կանչում են, ոչ ոք չի մոտենում: Ինձ վատ էի զգում, սրտխառնոց ունեի: Սանիտարն այդպես էլ չմոտեցավ սենյակը մաքրելու համար, բժիշկն էլ մի քանի ժամ անց եկավ, ասաց՝ թեյ խմեք, կանցնի»,- պատմեց քաղաքացին։

Զառա Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցում սանիտարահիգիենիկ պայմաններ չկան, բուժառուները կեղտոտ սենյակներում են գտնվում, սանհանգույցներում անգամ տաք ջուր չկա: «Ասել եմ, որ երեխայիս այսօր դուրս գրեն, ես այլ հիվանդանոց կտանեմ: Մինչ օրս անգամ չեն ասել, թե ինչ խնդիր ունի երեխաս, բայց դուրս գրելու ժամանակ ստիպված են եզրակացություն գրել, տեսնենք՝ ինչ են գրելու»,- նշեց Զառա Սարիբեկյանը:

NEWS.am-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից պարզաբանեցին, որ քաղաքացու նշած ժամանակահատվածում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալ բաժանմունքում եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ, որին անհրաժեշտ է եղել անհետաձգելի բուժօգնություն, հետևաբար թիմը զբաղված է եղել նրան բուժօգնություն տրամադրելով․ «Կենտրոնի բոլոր պացիենտները ստանում են պատշաճ բուժօգնություն` հաշվի առնելով այդ պահի առաջնահերթությունները»։