ԱՄՆ-ը հավատարիմ է իր նախկին դիրքորոշմանը և մտադիր չէ իր զինվորականներին որևէ կարգավիճակով ուղարկել Ուկրաինա, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, փոխանցում է CNN-ը։
«Ինչպես բազմիցս ասվել է, մենք չենք նախատեսում ուղարկել ռազմական խորհրդատուներ, զորքեր կամ մարզիչներ՝ Ուկրաինայի ներսում ուկրաինացիներին վարժեցնելու համար», - ասել է Սալիվանը։
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ուկրաինական զինված ուժերի զինծառայողների համար ուսուցում է կազմակերպել Գերմանիայի ռազմաբազայում, որտեղ «հազարավոր ուկրաինացի զինվորներ» վերապատրաստվել են արևմտյան արտադրության տեխնիկայի վրա։ «Մենք պատրաստ ենք շարունակել և, ավելին, ընդլայնել այդ նախապատրաստական աշխատանքները», - ասել է Սալիվանը՝ հավելելով, որ Վաշինգտոնն այդ մասին ուղղակիորեն հայտնել է Կիևին։
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ զենք մատակարարելու մասին, որն անհրաժեշտ է նրա արտակարգ կարիքները բավարարելու համար։ «Ես համաձայն եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ։ Եվ ԱՄՆ-ն աշխատում է այս ուղղությամբ: Կարծում եմ, որ մենք կարող ենք ակնկալել հայտարարություն հետագա առաքումների մասին առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է Սալիվանը:





























