Ըստ լիբանանյան բանակի հաղորդագրության՝ զինված անձը չորեքշաբթի կրակ է բացել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան վրա և փոխհրաձգության ժամանակ վիրավորվել զինծառայողների։ Ըստ Reuters-ի՝ հարձակվողը, որը ինչպես հետո պարզվել է, սիրիացի է, ձերբակալվել և բուժման համար տեղափոխվել է հիվանդանոց, մինչ զինվորները սանրում էին տարածքը այլ զինյալների գտնելու համար:
ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ այսօր առավոտյան մուտքի մոտ հրաձգություն է գրանցվել, սակայն հաստատությունն ու անձնակազմն ապահով են: ԱՄՆ դեսպան Լիզա Ջոնսոնը, ըստ դիվանագիտական աղբյուրների, ներկայում Լիբանանում չէ։ Լիբանանի անվտանգության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Լիբանանի դեսպանատան անվտանգության աշխատակիցը թեթև վիրավորվել է:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի ուշ NBC News-ին հաստատել է, որ լիբանանցի հսկիչը վիրավորվել է և բուժվում է։ Դեսպանատունը հանրության համար փակ է մնալու մինչև չորեքշաբթի երեկո, սակայն նախատեսվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը սովորականի պես կբացվի հինգշաբթի՝ հունիսի 6-ին:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, սակայն լիբանանյան անվտանգության մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ բանակը հետաքննում է «Իսլամական պետություն» խմբավորման հետ հնարավոր առնչությունը:
Հարձակվողի հագուստի վրա անգլերեն գրված է եղել «ISIS», արաբերենով՝ «Իսլամական պետություն», հայտնել է աղբյուրը և հավելել, որ լիբանանյան անվտանգության ուժերը ձերբակալել են երկու շեյխի, ինչպես նաև հարձակվողի ընտանիքին։




























