ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողությունները մեծացնում են միջուկային պատերազմի վտանգը, որից հետո ԱՄՆ-ը կարող է չվերականգնվել։ Fox News հեռուստաալիքի եթերում այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նորից հավակնում է ԱՄՆ բարձրագույն պետական պաշտոնին։
«Այժմ ամենավտանգավոր պահն է մեր երկրի պատմության մեջ զենքի, հատկապես միջուկային զենքի հզորության պատճառով»,- կարծում է հանրապետականը։ «Շանս կա, որ կունենանք երրորդ համաշխարհային պատերազմ մեր ղեկավարի պատճառով»,- ավելացրել է նա։
Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «բարձունքում են մտավոր առումով»։ «Եվ նրանք գործ ունեն մեկի հետ, ով այժմ բարձունքում չէ, եւ եթե անկեղծ՝ երբեք էլ չի եղել։ Նա երբեք չի փայլել»,- կարծում է հանրապետականը։ «Եթե նայենք նրա արտաքին քաղաքականությանը, այն միշտ ճիշտ չի եղել»,- ավելացրել է Թրամփը։
«Ես չեմ ցանկանում, որպեսզի մեր երկիրը միջուկային պատերազմի մեջ մտնի»,- հավաստիացրել է նախկին նախագահը։ Նա համաձայն չէ Բայդենի այն կարծիքին, որ ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է։ «Միակ գլոբալ ջերմացումը, որն ինձ համար կարեւորություն է ներկայացնում, կլիմայի փոփոխությունն է միջուկային զենքի պատճառով։ Որովհետեւ դա իրական է»,- ընդգծել է Թրամփը։ «Վաղը կարող է այնքան կործանարար պատերազմ լինել, որ դրանից հետո երբեք չես վերականգնվի»,- ասել է նա։





























