ԱՄՆ-ը կարող է վերանայել օգնությունը Վրաստանին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման եւ երկրի հակաարեւմտյան շրջադարձի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Միլլերին հարցրել են, թե ինչպես է ԱՄՆ-ը ծրագրում գործել այսուհետ Վրաստանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները երկրում եւ կառավարող կուսակցության քաղաքական գործիչների բացահայտ ոչ բարեկամական հայտարարությունները։

Ներկայացուցիչն ասել է, որ զուսպ կլինի պատասխանի մեջ, որովհետեւ Վրաստանի հետ հարաբերությունների՝ ներկայում պետդեպարտամենտում ընթացող վերանայումը կարող է նշանակել քաղաքականության լուրջ փոփոխություններ։

«Խոսքը, մասնավորապես, այն օգնության ծավալների մասին է, որը մենք տրամադրում ենք Վրաստանին. վերջին մի քանի տարիներին մոտ 390 մլն դոլար, այժմ դա վերանայվում է։ Դրանք պոտենցիալ պատժամիջոցների, վիզային սահմանափակումների մասին են,  ինչի մասին ազդարարել ենք երկու շաբաթ առաջ։ Հիմա մենք ուսումնասիրում ենք, թե ինչ անենք, ինչ եւ երբ անենք»,- ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Վրաստանի հանդեպ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք կվերաբերեն երկրում դեմոկրատիայի խափանման համար պատասխանատու անձանց։