ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի թույլատրում ամերիկյան զենք օգտագործել՝ Մոսկվայի և Կրեմլի վրա հարձակումների համար։
Բայդենը նշել է, որ զենքը թույլատրված է օգտագործել սահմանի մոտ, երբ ռուսական զենքերը օգտագործվում են սահմանից այն կողմ՝ Ուկրաինայի հատուկ թիրախների վրա հարձակվելու համար։
«Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածք 200 մղոն խորության վրա և թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին», -շեշտել է ԱՄՆ նախագահը։
ABC-ի թղթակիցը հարցրել է՝ արդյոք ԱՄՆ նախագահը մտահոգված է, որ, ինչպես Պուտինն էր հայտարարել նախօրեին՝ ճշգրիտ զենքի մատակարարումը ռուսական տարածքում թիրախների վրա կիրառելու համար պատերազմին ուղղակի մասնակցություն է համարվում:
Բայդենը պատասխանել է, որ Պուտինին ճանաչում է ավելի քան 40 տարի և արդեն 40 տարի ՌԴ նախագահն անհանգստացնում է իրեն։ «Նա անազնիվ մարդ է», -շեշտել է ԱՄՆ նախագահը:
«Նա բռնապետ է, և փորձում է կաշվից դուրս գալով պահել իր երկիրը՝ միաժամանակ շարունակելով այս հարձակումը»,- ասել է Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահը ներկայում Ֆրանսիայում է՝ ոգեկոչելու համար 1944 թվականին Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 80-ամյակը, որը նպաստեց նացիստական Գերմանիայի անկմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Ռուսաստանն այս տոնին չի հրավիրվել։





























