Բրազիլիայի իշխանությունները մտադիր են Արգենտինայի կառավարությունից պահանջել Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի 65 կողմնակիցների արտահանձնումը, ովքեր երկրից Արգենտինա են փախել անկարգությունների մեջ կասկածվողներին ձերբակալելու ոստիկանական հատուկ գործողությունից հետո։ Այս մասին հաղորդում է O Globo թերթը։

Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը իրավապահ մարմինները «հսկայածավալ գործողություն են անցկացրել»՝ ձերբակալելու Բոլսոնարոյի կողմնակիցներին, ովքեր կասկածվում են 2023 թվականի հունվարին անկարգություններ կազմակերպելու և հեղաշրջման փորձի մեջ։ Ձերբակալվածների թիվը կազմել է 49 մարդ։ Միևնույն ժամանակ, 65 կասկածյալների, ըստ Բրազիլիայի իշխանությունների, հաջողվել է փախչել Արգենտինա՝ ավտոմեքենաների բեռնախցիկներով սահմանն անցնելով կամ Պարանա գետը լողալով: Ինչպես նշում է պարբերականը, Բրազիլիան մտադիր է կասկածյալներին Բուենոս Այրեսից արտահանձնմանը հասնել։

2023 թվականի հունվարի 8-ին նախկին նախագահի կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ և ներխուժել Բրազիլիայի կառավարական շենքեր՝ այնտեղ ջարդեր կազմակերպելով։ Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել 2022 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն հաղթել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Անկարգություններն առաջացրել են հասարակական լայն արձագանք։ Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ ջարդերին մասնակցել է մոտ 5 հազար մարդ, ավելի քան 1,4 հազարը ձերբակալվել է։