«Ապոլոն-8»-ի տիեզերական անձնակազմի աստղագնաց Բիլ Անդերսը, որին պատկանում է տիեզերական դարաշրջանի ամենանշանային լուսանկարներից մեկը՝ Երկրի կապտասպիտակ գունդը տիեզերքի մթության մեջ Լուսնի բարձրացող հորիզոնին, զոհվել է ուրբաթ օրը, երբ ոչ մեծ ինքնաթիռը, որը նա վարում էր, կործանվել է  Վաշինգտոնի նահանգում։ Նա 90 տարեկան էր։

Նրա որդին՝ Գրեգ Անդերսը, հաստատել է հոր մահվան փաստը CBS News-ի հարցազրույցում՝ հայտնելով, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր իր հորը։

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը CBS News-ին տեղեկացրել է, որ Beech A45 ինքնաթիռը, որում միայն օդաչուն էր, տեղի ժամանակով ժամը 11.40-ին ընկել է Ռոշ-Հարբոր ջրավազանում, որը գտնվում է Սան Խուան կղզում։ Կատարվում է հետաքննություն FAA-ի եւ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի կողմից։

Անդերսը, որը ծնվել է Հոնկոնգում 1933թ. հոկտեմբերին, սովորել է ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում եւ ՌՕՈւ տեխնոլոգիական ինստիտուտում, 1964թ. ընտրվել է աստղագնաց ՆԱՍԱ-ի տիեզերական ծրագրում եւ թռել ավելի քան 6 000 ժամ։ «Ապոլոն-8»-ի լուսնային մոդուլի օդաչու լինելուց բացի նա նաեւ պահեստային օդաչու էր «Ջեմինի XI» եւ «Ապոլոն-11» թռիչքների համար։