Հայիթիի նոր վարչապետ Հարի Կոնիլը շաբաթ օրը շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ «թեթև տկարության» պատճառով, սակայն նրա վիճակը կայուն է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը:

Կառավարության աղբյուրը հայտնել է, որ վարչապետը ասթմայի նոպա է ունեցել և, հավանաբար, երկրից կմեկնի բուժման նպատակով:

58-ամյա Կոնիլը վարչապետ է նշանակվել Հայիթիի Անցումային նախագահական խորհրդի կողմից մայիսի 29-ին և երդում է տվել տակավին երկուշաբթի օրը:

Մասնագիտությամբ բժիշկ Կոնիլը կարճ ժամանակով զբաղեցրել է Հայիթիի վարչապետի պաշտոնը 2011-2012 թվականներին և մինչև վերջերս եղել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը: Նրա առջև հսկայական խնդիր է դրված՝ մեղմել քաղաքական, անվտանգության և հումանիտար ճգնաժամը, որն ամայացրել է Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրը և նախապատրաստել 2016 թվականից ի վեր առաջին ընտրությունները:

Ավազակությունը արդեն երկար ժամանակ ցնցում է Հայիթին, սակայն փետրվարի վերջին զինված խմբավորումները համակարգված հարձակումներ էին նախաձեռնել Պորտ-օ-Պրենսի ռազմավարական օբյեկտների վրա՝ հայտարարելով, որ ցանկանում են տապալել հեղինակություն չունեցող վարչապետ Արիել Հենրիին: Հենրին, որը ղեկավարում էր երկիրը 2021 թվականին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո, ի վերջո համաձայնեց հեռանալ պաշտոնից և իշխանությունը փոխանցել անցումային խորհրդին: