Հարավային Կորեան կիրակի օրը կսկսի Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված բարձրախոսներով հեռարձակումները, ինչն «անտանելի» կլինի Կիմ Չեն Ընի ռեժիմի համար, հայտարարել է երկրի Ազգային անվտանգության խորհուրդն այն բանից հետո, երբ Փհենյանը վերսկսել է աղբով փուչիկներ ուղարկել սահմանով, հայտնում է Reuters-ը։

Խորհրդի նիստը տեղի է ունեցել կիրակի առավոտյան այն բանից հետո, երբ Սեուլում և սահմանամերձ շրջաններում ցերեկը և գիշերը հայտնաբերվել էին տասնյակ փուչիկներ, որոնց աղբ էր ամրացված:

«Միջոցառումները, որոնք մենք կձեռնարկենք, կարող են անտանելի լինել Հյուսիսային Կորեայի ռեժիմի համար, բայց դրանք հույսի և լույսի ուղերձ կուղարկեն Հյուսիսի զորքերին և նրա ժողովրդին», - հայտարարել են Խորհրդում:

Հարավային Կորեան նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ «անտանելի» միջոցները կարող են ներառել հակահյուսիսկորեական բարձրաձայն  քարոզչական հեռարձակումներ սահմանի երկայնքով տեղադրված հսկայական բարձրախոսներից:

Փհենյանը մայիսին սկսեց աղբով և գոմաղբով  փուչիկներ ուղարկել սահմանով և հայտարարեց, որ այդ քայլը ձեռնարկվել է ի պատասխան հակահյուսիսկորեական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայի ակտիվիստները տարածել են քարոզչական արշավի շրջանակներում: Հունիսի 2-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ ժամանակավորապես կդադարեցնի փուչիկներիի ուղարկումը, քանի որ արդեն ուղարկված 15 տոննա աղբը, հավանաբար, բավական է, հասկացնելու, թե որքան «տհաճ» է դա։

Սակայն, ԿԺԴՀ-ն խոստացել է հարյուրապատիկ ավելի աղբ ուղարկել, եթե հարավից նորից թռուցիկներ հասցվեն: Հարավկորեական մի խումբ ակտիվիստներ անտեսեցին այդ նախազգուշացումը և  թռուցիկներով էլի մի քանի փուչիկներ արձակեցին, որոնք քննադատում էին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Հարավային Կորեայից ռադիոհաղորդումները հեռարձակվում են մեծ կանգնակների վրա տեղադրված բազմաթիվ բարձրախոսներից: Ենթադրվում է, որ ձայնը տարածվում է ավելի քան 20 կիլոմետր Հյուսիսային Կորեայի խորքը: Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան շաբաթ օրվանից աղբի մոտ 330 փուչիկ է ուղարկել և դրանցից մոտ 80-ն ընկել են Հարավային Կորեայում: