Բուլղարացիները կիրակի օրը մասնակցում են վերջին երեք տարվա ընթացքում վեցերորդ խորհրդարանական ընտրություններին։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ քվեարկությունը դժվար թե ստեղծի կայուն կառավարություն, որը կարող է վերջ դնել երկարատև քաղաքական անկայունությանը և տնտեսական բարեփոխումների հեռանկար բացել, հաղորդում է Reuters-ը:
Բուլղարիան՝ Եվրամիության ամենաաղքատ անդամը, տուժել է 2020 թվականի հակակոռուպցիոն ցույցերից, իսկ ընտրությունների շարանը հանգեցրել է երերուն կոալիցիաների ստեղծմանը, որոնք արագորեն փլուզվել են:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստանա, ինչը հիմք է ստեղծում ձայները հաշվելուց հետո կոալիցիոն բանակցությունների նոր փուլի համար:
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին (0400 GMT) և կփակվեն ժամը 20-ին (1700 GMT), exit poll-ի արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո:
Բուլղարացիները նաև կընտրեն իրենց ներկայացուցիչներին Եվրախորհրդարանում, սակայն ընտրություններից հոգնածությունը կարող է խնդիր դառնալ։ Gallup-ի հարցման համաձայն, հարցվածների միայն 40%-ն է պատրաստվում քվեարկել:





























