Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Հյուսիսային Կորեան արձակել է աղբով լցված մոտ 310 օդապարիկ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կարեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։ «Ներկա պահին օդում օդապարիկներ չկան։ Դրանք լցված էին աղբով՝ մակուլատուրա եւ պլաստիկե փաթեթներ։ Մինչ ներկա պահը, համաձայն վերլուծության, վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել»,- նշել են հարավկորեացի զինվորականները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հունիսի 10-ի գիշերը Հյուսիսային Կորեան 1 400 օդապարիկներով ուղարկել է 7,5 տոննա մակուլատուրա Հարավային Կորեա։ «Նախատեսվում էր մեր պատասխան միջոցները դադարեցնել հունիսի 9-ին, բայց իրավիճակը փոխվել է»,- ասել է նա եւ նշել պատճառը՝ կիրակի հարավկորեական բարձրախոսները վերսկսել են աշխատանքները սահմանին։

Կիմ Յո Չժոնը խորհուրդ է տվել Սեուլի իշխանություններին հրաժարվել «վտանգավոր քայլերից» եւ դադարեցնել թռուցիկների առաքումը, այլապես նրանց համար առօրյայի մաս կդառնա «մշտապես թղթի աղբ հավաքելու անհրաժեշտության մղձավանջը»։

Հունիսի 6-ին եւ 7-ին հարավկորեական կազմակերպությունները Հյուսիսային Կորեա են ուղարկել քարոզչական թռուցիկներով լի օդապարիկներ։