Պաղեստինամետ ակտիվիստները նկարել են Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ գտնվող արձանների ու շինությունների վրա։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։

WP-ի տվյալներով՝ հունիսի 8-ին Գազայի հատվածում հրադադարի աջակցության ցույցի ժամանակ «Սպիտակ տան մոտ գտնվող արձանների եւ շինությունների վրա հայտնվել են գրաֆիտիներ։ Դրանք ենթարկվել են վանդալիզմի ակտերի»։ Նշվել է, որ ընդհանուր վնասը դեռ պետք է գնահատվի, սակայն գրաֆիտիների մի մասն արդեն հաջողվել է մաքրել։

Այդ օրը մի քանի հարյուր պաղեստինամետ ցուցարարներ շարվել էին Սպիտակ տան եւ դրան հարող ֆինանսների նախարարության շենքի երկայնքով՝ ձեռքներին խորհրդանշական «կարմիր շուշանով»՝ ի աջակցություն Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության դադարեցման։ Եվս մի քանի հազար մարդ մասնակցում էր հանրահավաքի Լաֆայեթ պուրակում, որը գտնվում է ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի դիմաց։