Գերմանիան քվեարկել է Եվրոպական ընտրություններում. հասարակական համակրանք չփայելող իշխող կոալիցիայի կուսակցությունները թույլ արդյունքներ են ցույց տվել, իսկ ծայրահեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը կարողացել է զբաղեցնել երկրորդ տեղը՝ իր օգտին ստացված ձայներով գերազանցելով կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցությանը, հայտնել է Euronews-ը։
Ըստ Bild պարբերականի՝ Գերմանիայում ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր 400 ընտրատարածքներում, որտեղ ընտրվել են Եվրախորհրդարանի նոր գումարման պատգամավորներ։ Զգալի տարբերությամբ հաղթել է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը։
Եվրոպական ընտրությունները ՔԴՄ/ՔՍՄ-ի (Աջ կենտրոնամետ՝ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը և Քրիստոնեա-սոցիալական միությունը Բավարիայում քաղաքական կուսակցությունների դաշինք) համար ավարտվել են 30% արդյունքով, Այլընտրանք Գերմանիայի համարը՝ 15,9%-ով։ Կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցությունը ցույց է տվել պատմության մեջ իր վատագույն արդյունքը՝ հավաքելով 13,9%։ Կանաչները ստացել են 11,9%, իսկ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 5,2% ձայներ:
Նորաստեղծ «Սառա Վագենկնեխտ դաշինքն» իր առաջին ընտրություններում հավաքել է 6,2 տոկոս, «Ձախերի» կուսակցությունը՝ 2,7 տոկոս։
Եվրոպական այս ընտրություններին մասնակցել են ընտրողների ռեկորդային 65 տոկոսը և բերել անսպասելի արդյունքներ, գրում է Euronews-ը։
Գերմանիան Եվրախորհրդարանում ամենամեծ ներկայացուցչությունն ունեցող երկիրն է։ Նոր գումարման եվրոպացի 720 պատգամավորներից 96-ը պաշտպանելու են Գերմանիայի շահերը։





























