Քորնելի քոլեջի (Այովայի նահանգ) չորս դասախոս վիրավորվել է Ցզիլին նահանգի այգում կատարված հարձակման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ դասախոսները եկել էին Չինաստան Քորնելի քոլեջի եւ Բեյհուա համալսարանի միջեւ համագործակցության ծրագրով։ Տեղի այգում զբոսանքի ժամանակ դանակով նրանց վրա է հարձակվել մի մարդ։ Վնասվածքների ծանրության աստիճանը եւ հարձակման դրդապատճառները չեն նշվում։
Պետդեպարտամենտը տեղյակ է միջադեպի մասին եւ հետեւում է իրավիճակին, նշել է պարբերականը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Այովայի նահանգի ներկայացուցիչ Էշլի Հինսոնը սոցցանցում գրել է, որ իր «թիմը կապի մեջ է Քորնելի քոլեջի հետ եւ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի անվտանգ հայրենիք վերադարձնի Այովայի նահանգի այդ բնակիչներին»։




























