Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում, այսօր` նոյեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի տեխնոլոգիաների ներդնման կենտրոնի ներկայացուցիչներն ԱԻ նախարար Արմեն Երիցյանին են ներկայացրել Երեւանում տարբեր արտակարգ իրավիճակների հնարավոր սցենարների հետեւանքների ու խոցման գոտիների ավտոմատ որոշման փորձնական ծրագիրը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր աղետների դեպքում մոնիտորների վրա տեսնել, թե ինչ տարածք է տուժել աղետից, մուտքագրված շառավղով տարածքում առկա կարեւոր օբյեկտները` հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ հաստատություններ, ինչպես նաեւ յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն:
Ներկայացվել է նաեւ հրշեջ եւ այլ հատուկ մեքենաների վրա տեղադրվող սարքի` արբանյակային մշտադիտարկման համակարգի ծրագիրը։ Մեքենայի վրա տեղադրվող այս սարքը հնարավորություն է տալիս իրական ռեժիմով տեսնել մեքենայի դիրքը քարտեզի վրա եւ մեքենայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն` վառելիքի քանակ, արագություն, տեղակայման վայրից դուրս գալու եւ վերադառնալու ժամ եւ այլն։ Գրանցվող բոլոր տվյալներն ավտոմատ ձեւով արխիվացվում եւ պահպանվում են:
ԱԻ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել ծրագիրը, ինչպես նաեւ Երեւանի հրշեջ մասերի մեքենաների վրա փորձնական տեղադրել ներկայացված սարքերը։
Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցությունը Երեւան քաղաքի տնտեսության կառավարման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդնմամբ զբաղվող այս կենտրոնի հետ նոր խոստումնալից հեռանկարներ ունի:


























