Ուփսալայի համալսարանի Կոնֆլիկտային տվյալների ծրագրի (UCDP) շվեդ գիտնականները 2023 թվականի կտրվածքով հաշվել են աշխարհում ռեկորդային թվով զինված հակամարտություններ՝ պետությունների մասնակցությամբ 59 պատերազմների և բախումների:

1946 թվականի տվյալների հավաքման սկզբից ի վեր սա առավելագույն արժեքն է, ասված է կազմակերպության պաշտոնական կայքում։

Նախորդ գագաթնակետերը գրանցվել են 2020 և 2022 թվականներին, երբ այդ տարիներից յուրաքանչյուրի ժամանակ արձանագրվել է 56-ական հակամարտություն։

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, հակամարտությունների ժամանակ բռնության հետևանքով մահացությունների թիվը 2022 թվականի համեմատությամբ կրկնակի կրճատվել է, ինչը հիմնականում պայմանավորված է Եթովպիայի Տիգրայ շրջանում ծայրահեղ արյունալի պատերազմի ավարտով։

«Ընդսմին, մենք դեռ կարող ենք ականատես լինել մի քանի արտասովոր մահացու պատերազմների, մասնավորապես Ուկրաինայում պատերազմը, որի ժամանակ անցյալ տարի սպանվել գրեթե 71 հազար  մարդ, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմը, որտեղ UCDP-ն 2023 թվականին ավելի քան 22 հազար սպանություն է գրանցել», - ասում է UCDP-ի ավագ վերլուծաբան Շոն Դևիսը:

2023 թվականին տեղի է ունեցել ինը պատերազմ (տարեկան ավելի քան 1000 մարդու կյանք խլող հակամարտություններ): Պատերազմների մեծ մասը տեղի է ունեցել Աֆրիկայում, իսկ 2023 թվականին Սուդանում բռնկված քաղաքացիական պատերազմը ռուս-ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան պատերազմներից հետո դարձել է տարվա երրորդ ամենամահաբեր հակամարտությունը:

«2023 թվականի համեմատ ընդամենը երեք տարի է եղել ավելի մահացու։ 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունից բացի, այս ցանկում են 2021 և 2022 թվականները»,- շարունակում է Դևիսը:

Բազմաթիվ հակամարտություններում պատերազմող կողմերի թիրախում են նաև խաղաղ բնակիչները։ Թեև UCDP-ն անցյալ տարի գրանցել է խաղաղ բնակիչների նկատմամբ միակողմանի բռնության հետևանքով մահացությունների ընդհանուր թվի անկում, հազարավոր խաղաղ բնակիչներ այս տեսակի բռնության զոհ են դարձել Սուդանի, Բուրկինա Ֆասոյի, Իսրայելի և Մյանմայի հակամարտություններում: Ընդհանուր առմամբ, այս տեսակի նպատակաուղղված բռնության հետևանքով ավելի քան 10 հազար քաղաքացիական զոհ է գրանցվել:

«Իններորդ տարին անընդմեջ Իսլամական Պետությունը, որը նաև հայտնի է որպես ԴԱԻՇ, միակողմանի բռնության արդյունքում ամենաշատ խաղաղ բնակիչներ սպանած խմբավորումն էր, թեև նախորդ տարվա համեմատ ընդհանուր թիվը կտրուկ նվազել է:

Խումբը գործել է 16 տարբեր երկրներում, որտեղ նրանք իրականացրել են տարբեր գործողություններ, մասնավորապես, կրակոցները, գլխատումները և մահապարտ ահաբեկիչների՝ խոշոր համակարգված պայթյունները», - ասում է UCDP-ի ավագ վերլուծաբան և ծրագրի ղեկավար Թերեզա Պետերսոնը:

Խմբավորումների միջև հակամարտություններում, որոնցում պետությունը չի ներգրավվել, և որոնք հայտնի են իբրև ոչ պետական ​​հակամարտություններ, UCDP-ը 2023 թվականին մի փոքր անկում է արձանագրել: 75 ոչ պետական ​​հակամարտություններում արձանագրվել է 20 հազար 900 զոհ։

Ոչ պետական ​​հակամարտությունների մեծ մասը տեղի է ունենում Լատինական Ամերիկայում, ամենաարյունալիները՝ Մեքսիկայում և Բրազիլիայում, որտեղ բռնությունը կենտրոնացած է քաղաքներում և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հիմնական ուղիներում:

«Բռնության այս տեսակն ավելի տարածված է դարձել նաև Եվրոպայում։ 2023 թվականին ավազակախմբերի միջև առաջին ակտիվ հակամարտությունը գրանցվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

UCDP-ի ավագ վերլուծաբան Հարուն Էնգստրոմը նշել է, որ UCDP-ի վիճակագրության մեջ խմբակային բռնությունը բնութագրող շատ օրինաչափություններ կարող են դիտվել նաև բուն Շվեդիայում, մասնավորապես, դաշինքների պառակտումների հետևանքով առաջացած բռնության ալիքները, ինչպես նաև ավելի երիտասարդ հանցագործների ի հայտ գալը։