Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ընդունում է ՄԱԿ-ի բանաձեւը, որն աջակցում է Գազայի հատվածում Իսրայելի հետ պատերազմին վերջ տալու ծրագրին և պատրաստ է քննարկել մանրամասները, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարությունը «հուսադրող նշան» է անվանել։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտից հետո Գազայի ծրագրերի շուրջ բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի և առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Դրա մասին Թել Ավիվում Իսրայելի առաջնորդների հետ բանակցություններից հետո հայտարարել է Բլինքենը: «Չափազանց կարևոր է, որ ունենանք այդ ծրագրերը», - հավելել է նա:
Բլինքենը երեքշաբթի հանդիպել է իսրայելցի պաշտոնյաների հետ։ Բլինքենի այցից առաջ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կրկնել են կոշտ դիրքորոշումը, ինչը խաթարել է ռազմական գործողությունները դադարեցնելու նախորդ միջնորդական ջանքերը: Սակայն երեքշաբթի ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի սահմաններից դուրս գտնվող բարձրաստիճան պաշտոնյա Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ կազմակերպությունը համաձայնել է հրադադարի մասին բանաձևին և պատրաստ է մանրամասների շուրջ բանակցություններ վարել:
Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Իսրայելը հարգում է իր խոսքը, հավելել է Զուհրին:
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից եւ Գազայում պահվող պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ։
«ԱՄՆ վարչակազմին իր պարտավորությունների կատարման հարցում իրական փորձություն է սպասվում։ Վաշինգտոնը զավթիչներին պետք է ստիպի անհապաղ դադարեցնել պատերազմը՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի», - հայտնել է Աբու Զուհրին Reuters-ին։





























