Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց  Տավուշի մարզ եւ ծանոթացել մարզում կատարվող աշխատանքներին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ուղեկցել են Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լ. Շահվերդյանը, այլ պատասխանատուներ:

Փոխվարչապետը նախ այցելել է Դիլիջանի  միջազգային դպրոցի շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:  Զեկուցվել է, որ ներդրումային ծրագրի առաջին փուլը, որի ծավալը կազմում է 80-85 մլն դոլար, մեկնարկել է այս ամռանը: Աշխատանքներն ընթանում են համապատասխան ժամանակացույցի:  Տեղում շինարարության պատասխանատուների եւ տեղական ու տարածքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ենթակառուցվածքների տեղափոխման, շինարարական գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր: 

Դիլիջանում Ա. Գեւորգյանը ներկա է գտնվել նաեւ «ԱրմենիաԻնֆո» տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսին, որին մասնակցել են Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Ահրենսը, Լոռիի եւ Տավուշի մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Համակարգը մշակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, եւ տվյալներ է ներկայացնում Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) ցուցանիշների վերաբերյալ: 

«ԱրմենիաԻնֆոն»-ն ընդլայնվում է նաեւ մարզային մակարդակով: Այցելելով www.armdevinfo.am  կայքէջ` բազայից հնարավոր է ՀԶՆ ցուցանիշների վերաբերյալ ստանալ ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային տվյալներ:

Ա. Գեւորգյանը բարձր է գնահատել կատարված համատեղ աշխատանքը` նկատելով, որ համակարգի  ստեղծումն ու մարզային մակարդակով  ընդլայնումը  հնարավորություն է տալիս ունենալ առավել ամբողջական տվյալներ:

Փոխվարչապետն այնուհետեւ մեկնել է Իջեւան, որտեղ մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն: