Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ավելի քան 100 ուսանողներ այսօր` նոյեմբերի 22-ին, կստանան իրենց սեպտեմբեր ամսվա կրթաթոշակը` 5000-ական դրամները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր  Պարույր Քալանթարյանը` հավելելով, որ մի քանի օրից էլ կստանան հոկտեմբեր ամսվա կրթաթոշակը, իսկ նոյեմբերինը` դեկտեմբերի սկզբին: Նրա խոսքով` նման դեպքեր էլի են պատահել, երբ ուսանողների կրթաթոշակները ուշացրել են, սակայն ոչ այդքան երկար ժամանակահատվածով:

«Այս տարի նախարարությունից մի փոքր ուշացումով ենք ստացել անվճար համակարգում սովորող ուսանողների հրամանները, մի փոքր մենք ենք թերացել, ի վերջո, այդպես է ստացվել: Բայց հիմնական մեղքը ֆինանսական ֆակուլտետի դեկանատինն է, որ ժամանակին զեկուցագրերը չեն ներկայացրել եւ հաշվապահությանը, որ կարող էր ավելի արագ հաշվարկել»,- նշեց նա` վստահեցնելով, որ կրթաթոշակների ուշացումը կապված չէ ֆինանսական ճգնաժամի հետ:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ԵՊՏՀ-ի

ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները չեն ստացել իրենց կրթաթոշակները: Այդ կապակցությամբ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Ա.  Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը եւ վաղվանից  ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները: «Նույն հանձնարարականը տրվել է նաեւ Հայաստանի պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու  վերաբերյալ»,- NEWS.am-ին հայտնեցին նախարարությունից: