Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ գագաթաժողովին իրենց մասնակցությունը հաստատած երկրների եւ կազմակերպությունների թիվը 93-ից կրճատվել է 78-ի, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի ուկրաինական ծառայությունը՝ հղում կատարելով ԵՄ երկրների մի քանի դիվանագետների, որոնք ծանոթ են միջոցառման նախապատրաստման ընթացքին։
Թե որ երկրներն ու կազմակերպություններն են վերանայել գագաթաժողովին մասնակցելու իրենց որոշումը՝ պարբերականի զրուցակիցները չեն նշել։ Դիվանագետներից մեկը հնարավոր է համարել, որ հրաժարվողների ցուցակը կարող է համալրվել։
Միեւնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր լավատեսություն է հայտնել մասնակիցների թվի առումով՝ նշելով, որ մինչեւ գագաթաժողով «դեռ մի փոքր ժամանակ կա»։
Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ահմերդը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ 80 երկիր եւ 10 կազմակերպություն հաստատել են, որ կմասնակցեն խաղաղության գագաթաժողովոին, որը տեղի է ունենալու հունիսի 15-16-ին։ Ընդհանուր առմամբ ուղարկվել է ավելի քան 160 հրավեր։ Ռուսաստանը հրավիրված չէ։





























