ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի համատեղ ասուլիսում հայտնել է, որ Բուդապեշտը համաձայնել է չարգելափակել դաշինքի ռազմական օգնությունն Ուկրաինային, բայց երկիրը չի մասնակցի դրան, տեղեկացրել է BBC-ն։

Սթոլտենբերգը Բուդապեշտ է ժամանել ՆԱՏՕ գագաթաժողովից առաջ, որտեղ քննարկվելու է դաշինքի որոշումը Ուկրաինային ավելի ակտիվ օգնելու մասին ռուսական ռազմական ագրեսիային նրա դիմակայության հարցում։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Օրբանի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցրել է այն մեխանիզմը, որով ՆԱՏՕ-ն չի օգտագործելու հունգարական ռեսուրսները Ուկրաինային օգնություն ցուցաբերելիս։

«Ուրախ եմ, որ ես եւ վարչապետը հավանություն տվեցինք մոդալությանը Հունգարիայի համար, որպեսզի նա չմասնակցի ՆԱՏՕ աջակցությանն Ուկրաինային։ Հունգարական անձնակազմից ոչ ոք չի մասնակցի այդ գործունեությանը, եւ Հունգարիայի ոչ մի ֆինանս չի օգտագործվի նրան աջակցելու համար։ Միեւնույն ժամանակ, վարչապետն ինձ հավաստիացրել է, որ Հունգարիան դեմ չի լինի այդ ջանքերին եւ թույլ կտա մյուս դաշնակիցներին առաջ շարժվել»,- ասել է Սթոլտենբերգը։