Այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 73 տարեկան։

ՀՀԿ վերնախավը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Կոմիտասի անվան ազգային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մարգարյանի հիշատակին։

«Այսօրվա խորհուրդը ստիպում է խոսել այն մասին, որ շատ ավելի ծանր, մռայլ ժամանակներում Անդրանիկ Մարգարյանը և իր հասակակիցներն ու գաղափարակիցները կարողացան իրականացնել մի բան, որն անհավանական էր թվում։ Այն մարդիկ, որոնք ընդունվում էին Ազգային միացյալ կուսակցության շարքերը, հարցնում էին՝ հրապուրիչ են ձեր առաջ քաշած գաղափարները, բայց ինչպիսի՞ն է հավանականությունը, որ մենք մեր կյանքի օրոք կտեսնենք այդ ամեն ինչի իրականացումը։ Պատասխանը մեկն էր՝ զրո։

Եվ, այդուհանդերձ, այդ սերունդը, որի պայծառ ներկայացուցիչներից մեկը Անդրանիկ Մարգարյանն էր, գնում էր այդ քայլերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը՝ խոսելով նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին։

Մինասյանն ասաց, թե այս ամենն այսօր էլ շատ կարևոր է, որովհետև մարդկանց մեծամասնությունն ուզում է շատ և հենց հիմա։

«Այդպես սովորաբար չի լինում, միշտ պետք է լինեն մարդիկ, որոնք հաղթանակի մեջ նույնիսկ իրենց ներկայությունը չտեսնեն։ Այդ ժամանակ հաղթանակը կգա շատ ավելի շուտ, քան բոլորիս թվում է»,-ասաց Մինասյանը։