Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Զբոսաշրջության մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որոնց՝ երկիր ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը հետաձգվելու է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
«Զբոսաշրջության մասին գործող օրենքը պարտավորեցնում է Վրաստան այցելող զբոսաշրջիկներին առողջության և դժբախտ պատահարների ապահովագրություն ունենալ»,- հայտարարել է օրինագիծը քվեարկության դրած իշխող «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Իրակլի Կիրցխալիան։
Նա պարզաբանել է, որ սակայն, ելնելով այն հանգամանքից, որ աշխատանքային ձևաչափի ընթացքում իրավասու մարմինների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ բացահայտվել են նոր կարգավորումների ներդրման և ակտիվացման համար բազմափուլ նախապատրաստական գործընթաց պահանջող որոշ հարցեր, առաջ է եկել օրակարգում լրացուցիչ ժամկետներ մտցնելու հարցը։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի հունվարից մարտ ամիսներին արտերկրից հանրապետություն է ժամանել 1,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 7,6 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։
2024 թվականի առաջին եռամսյակում եղել է Թուրքիայից Վրաստան այցելությունների ամենամեծ թիվը՝ 254 հազար 577 զբոսաշրջիկ։ Սա երկիր կատարած արտասահմանյան այցելությունների ընդհանուր թվի 19,5%-ն է և նախորդ տարվա համեմատ գերազանցում է 17,6%-ով։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է 215 հազար 468 զբոսաշրջիկ (ընդհանուրի 16,5%-ը), ինչը 16,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այցելությունների քանակով Թուրքիայից և Ռուսաստանից հետո հաջորդում են Հայաստանը, Ադրբեջանը և Իսրայելը։ Այցելությունների 81,4%-ը զբոսաշրջային բնույթ է ունեցել։



























