ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն պետք է վերջ տան նոր պահանջներ առաջադրելու պրակտիկային։

Նա ընդգծել է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու ժամանակը։

«Ինչու է հիմա դրա ժամանակը։ Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհ կառուցելու մի սերնդին ընձեռված հնարավորություն կա: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Եվ դա կխթանի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև այդ ճանապարհին նոր արտադրությունը։

Դա կարող է տեղի ունենալ հենց հիմա: Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի։ Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր։

Հիմա հիանալի ժամանակ է, քանի որ այդ ճանապարհին գտնվող երկրները ձգտում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։

Երկու կողմերն էլ հավատարիմ են խաղաղությանը, և ԱՄՆ-ն ակնկալում է, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում նրանք կկարողանան համաձայնության գալ:

Մենք իսկապես երկու կողմից բարդ սակարկություններ ենք տեսնում, միաժամանակ համաձայնության հասնելու համար կան որոշ հետաքրքիր մարտավարական մանյովրներ:

Սահմանազատման այս վերջին համաձայնագիրը որոշակի փոխզիջում էր: Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից (գյուղերից), իսկ Ադրբեջանը համաձայնեց սահմանազատման գծին, քանի որ գիտեին՝ Հայաստանն այն կընդունի:

Խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի մասին է։ Այսպիսով, կողմերից յուրաքանչյուրը փոխզիջման գնաց։ Կարծում եմ, որ ինչ-որ պահի պետք է դադարեցվի նոր պահանջներ ներկայացնելու, ապա դրանց հաջորդող նոր բանակցություններ վարելու ոճը։ Կարծում եմ՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն պատկերացնում ենք։

Եվ հիմա խնդիրն այն է, որ կողմերն ընդունեն, որ եկել է համաձայնության հասնելու ժամանակը»,- ​​ասել է Օ’Բրայենը։

Միջին միջանցքի թեման՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, վերջին տարիներին առավել ակտիվացել է:

Այն քննարկվել է նախօրեին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպմանը , Երևանում ՎԶԵԲ միջոցառման ժամանակ նույնիսկ հուշագիր է ստորագրվել։ Միաժամանակ, ըստ ՀՀ իշխանությունների, «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությունը պետք է դառնա Միջին միջանցքի մաս։

Ներկայում Միջին միջանցքի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով։ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից պահանջում են «միջանցք», (հենց միջանցք, քանի որ Բաքուն և Անկարան պնդում են, որ հայկական կողմը չպետք է վերահսկի ճանապարհն ու բեռները, համենայն դեպս այդպես է հայտարարում Ալիևը)։

Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «միջանցքը» զգալիորեն կկրճատի Միջին միջանցքի երթուղին։ Նկատի ունենալով Բաքվի վերասկողության տակ անցած Արցախի Շուշիի համառ հիշատակումը Միջին միջանցքի համատեքստում, եզրակացություն է ծագում, որ Սյունիքի հյուսիսային, այլ ոչ թե հարավային (Մեղրի) մասով «միջանցք» տրամադրելու պահանջ կա, ինչպես ասվել է առ այսօր: