Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վրդովեցուցիչ եւ անընդունելի է անվանել Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանի որոշումը իր երկրին 200 մլն եվրոյով տուգանելու մասին, քանի որ հրաժարվել է հետեւել ԵՄ կանոններին միգրացիայի ոլորտում։

«Եվրոպական դատարանի այսօրվա որոշման համաձայն՝ Հունգարիան կտուգանվի 200 մլն եվրոյով՝ գումարած օրական 1 մլն եվրո անլեգալ միգրանտներին չթողնելու համար։ Որոշումը վրդովեցուցիչ է եւ անընդունելի»,- գրել է կառավարության ղեկավարը Facebook-ում։

Ինչպես նշվել է դատարանի տարածած որոշման մեջ, Հունգարիան պարտավոր է վճարել միանվագ գումար 200 մլն եվրոյի չափով եւ 1 մլն եվրոյի տուգանք դատարանի որոշման չկատարման յուրաքանչյուր ուշացած օրվա համար։ Փաստաթղթում ասվում է, որ [ԵՄ օրենսդրության] «այս չկատարումը, որը նշանակում է գիտակցված խուսափում ԵՄ ընդհանուր քաղաքականության կիրառումից ընդհանրապես, աննախադեպ եւ չափազանց լուրջ խախտում է»։