ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Կապիտոլիում կատարած այցի ժամանակ հինգշաբթի քննադատել է ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային՝ Հանրապետական կուսակցության օրենսդիրներին կոչ անելով նվազեցնել վարձահատուցման հարկերը և անդրադարձել է մաքսատուրքերի թեմային, հայտնել է Reuters-ը։
Դռնփակ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ձգտելու է Ներկայացուցիչների պալատում ընդլայնել 218-213 ձայն կազմող կուսակցական մեծամասնությունը և օգնելու է վերընտրել նույնիսկ այն երկու հանրապետական պալատի անդամներին, որոնք 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կատարած հարձակումից հետո քվեարկել էին իրեն իմփիչմենթի ենթարկելու օգտին։
Թրամփը միաժամանակ Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին կոչ է արել առաջ չմղել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ազգային արգելքը և հորդորել է հրաժարվել կուսակցական ներքին վեճերից, որոնք խաթարում են դրանց արդյունավետությունը:
Օրենսդիրները նշել են, որ Թրամփը քննադատել է Ուկրաինային՝ հանրապետականների աջակցությամբ վերջերս ընդունված 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը:
Հանրապետական կուսակցության խոսնակ Դոն Բեկոնը պատմել է, որ Թրամփն ասել է՝ ո՞րն է մեր օգուտը, եթե Ուկրաինան հաղթի։ Ըստ խոսնակի՝ Թրամփը նաև ողջունել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը։
«Նա ուղղակի ասաց, որ մաքսատուրքերը գործադիր իշխանության համար հզոր գործիք են։ Եվ դուք կարող եք դա օգտագործել Չինաստանի հետ ձեր բանակցություններում և հասնել զիջումների»,- նշել է Բեկոնը։
Իր հերթին, Հանրապետական կուսակցության անզիջում ներկայացուցիչ Մեթ Գեյցը հայտարարել է, որ Թրամփը ողջունել է մաքսատուրքերը՝ ԱՄՆ պողպատաձուլական արդյունաբերությունը պաշտպանելու նպատակով։





























