Լրագրող եւ գրող Նադեժդա Կեւորկովայի փաստաբանները բողոքարկել են նրա ձերբակալման երկարացումը։ Այս մասին նշվել է Մոսկվայի Բասմանյան դատարանի կայքում, որը քննել է խափանման միջոցը երկարացնելու հարցը։

«Դատարանը Ն.Վ. Կեւորկովայի խափանման միջոցը երկարացնելու որոշման բողոքարկում է ստացել»,- ասված է կայքում։ Բողոքը կդիտարկվի Մոսկվայի քաղաքային դատարանում։ Նիստի օրն առայժմ նշանակված չէ։ Ավելի վաղ դատարանը երկարացրել էր լրագրողի ձերբակալությունը մինչեւ օգոստոսի 6-ը։

Կեւորկովան մեղադրվում է ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարացում կամ ահաբեկչության քարոզչություն՝ ինտերնետի օգտագործմամբ)։ Լրագրողին վերագրում են 2018թ. անձնական թելեգրամ-ալիքում  սպանված Օրհան Ջեմալի, որը նրա մերձավոր ընկերն էր, տեքստի հրապարակումը։ Ջեմալը հրապարակել է հարձակման մասին տեքստը Նալչիկում դեռեւս 2010թ., իսկ նրա սպանությունից հետո Կեւորկովան տեղադրել է տեքստն իր մոտ։

Երկրորդ դրվագը կապված է Կեւորկովայի կողմից 2021թ. «Թալիբան» շարժման գործունեության արդարացման հետ (ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն եւ արգելված է ՌԴ-ում)։

Կեւորկովան Մոսկվայի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի շրջանավարտ է։ 1997-ից համագործակցել է «Независимая газета»-ի հետ, եղել ԱՄՆ-ում նրա հատուկ թղթակիցը։ Աշխատել է թղթակից Լիբանանում, Աֆղանստանում, Պակիստանում, Իրանում, Իրաքում, Թուրքիայում, Սուդանում, Սիրիայում, Գազայի հատվածում եւ Հյուսիսային Կովկասում։ Լրագրողը մասնագիտացել է կրոնի թեմաներում։ 2010թ. ներկայացվել է International Women of Courage մրցանակի։