Լոռու մարզի Քարկոփ բնակավայրում երեկ ուժգին քամին մասամբ քշել, տարել է տների ու անասնագոմերի տանիքները: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Քարկոփի բնակիչ 63-ամյա Գագիկ Սիրադեղյանը՝ նշելով, որ տանիքը քշելուց հետո էլ տեղատարափ անձրևը լցվել է իրենց տուն:

«Դույլերով ջուր ենք հանել տնից: Ջրհեղեղից հետո տան պատերը ճաքել էին, խոնավացել, երեկ նաև առաստաղն է ճաքել: Հիմա տունն ավելի է խոնավացել»,-ասում է նա՝ հավելելով, որ ջրհեղեղից հետո տունը խարխլվել է:

Հարցին, թե արդյո՞ք այգիները նույնպես վնասվել են, Գագիկ Սիրադեղյանը պատասխանեց.

«Ջրհեղեղից հետո այգուց ոչինչ չի մնացել, միայն քարերն են մնացել: Այդ այգում ամեն ինչ աճեցնում էինք. տոննաներով թուզ էինք հավաքում, մոշ, կիվի, կառայլոկ: Տունն  էլ հենց այդ այգուց աշխատած գումարով էինք կառուցել: Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի շատ բերք պիտի հավաքեինք, բայց դե չստացվեց»:

Սիրադեղյանների տունը գյուղում գետին ամենամոտն է գտնվում, վախենում են, որ աղետը կարող է կրկնվել, սակայն հայրենի տունը լքել չեն ցանկանում, ասում են՝ տարիների չարչարանք է, ինչպես թողնենք գնանք:

Գագիկ Սիրադեղյանի խոսքով, թեև երեկվա անձրևից հետո Դեբեդը կրկին վարարել էր, սակայն գետի հունն այնքան է լայնացել ջրհեղեղի հետևանքով, որ որքան էլ վարարեր, դժվար թե գյուղ լցվեր:

«Գյուղ կլցվի այն  դեպքում, եթե տեղատարափ անձրևը մի քանի օր տևի»,-հավելում է նա:

ImportedPhoto.740657448.44088.jpeg (61 KB)

ImportedPhoto.740657448.439837.jpeg (30 KB)

ImportedPhoto.740657448.441472.jpeg (137 KB)