Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին եւ քննարկել Երեւանում կրպակների ապամոնտաժման խնդիրները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմկոմիտեի անդամները նախ ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ, ապա քաղաքապետին են փոխանցել կրպակատերերի մտահոգությունները: Տարոն Մարգարյանը լսելով բոլոր հարցերն ու առաջարկությունները`կազմկոմիտեի ներկայացուցիչներին է ներկայացրել գործընթացի նպատակը եւ փուլային մոտեցումները:

Քաղաքապետն ընդգծել է, որ առաջին հերթին լուծվելու է Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը: Սեփականատերերի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ Աբովյան փողոցի այդ հատվածը շուտով երեւանցիներին կներկայանա իր ամբողջ տեսքով: Գործընթացին  կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող եւ պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը: Միաժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող եւ գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու:

Քաղաքապետը նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի, առեւտրի եւ սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր  առեւտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:

«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միեւնույն  է, խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաեւ շահեկան կրպակատերերի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ գործընթացը պետք է շարունակվի` չշեղվելով սկզբունքներից, ինչպես նաեւ պետք է պահպանվի քաղաքի գեղագիտական տեսքն ու արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չտուժեն նաեւ կրպակատերերի շահերը: