Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա մինչև 2030 թվականը, քանի որ պատրաստ կլինի անդամակցելու համայնքին ավելի լավ, քան մյուս թեկնածու երկրները։ Ըստ «Новости-Грузия»-ի՝ դրա մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Իհարկե, ասոցիացիայի օրակարգով և ինը առաջնահերթություններով նախատեսված պայմանները կշարունակվեն պահպանվել։ Մինչև 2030 թվականը Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար Վրաստանը կլինի ամենապատրաստը թեկնածու երկրներից»,- հայտարարել է Կոբախիձեն։
Նա միաժամանակ խոստանում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ «Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունենք տարբեր բնագավառներում, ներառյալ՝ ռազմական և պաշտպանական բնագավառներում։ Այս համագործակցության խորացումը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը կլինի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։





























